ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Սահմանափակ հնարավորություններով մարդիկ հույս ունեն, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո իրավիճակն իսկապես փոխվել է։
Փոփոխությունների նկատմամբ հավատն ամրապնդվել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը (որը զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից) որոշել է պատգամավոր առաջադրվել։
Սահմանափակ ֆիզիկական կարողությունները Բաթոյանին չեն խանգարում պայքարել ԱԺ–ում տեղ ունենալու և հասարակության բոլոր անդամների հավասարության գաղափարն առաջ տանելու համար։
Այսօր Ազգային ժողովի բակում միջոցառում անցկացվեց, որին հաջորդեց երթը դեպի Հանրապետության հրապարակ։ Ակցիան նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան։
Երթի մասնակիցներից մեկը` 21 տարեկան Էլեն Մկրտչյանը, համոզված է, որ երկրում իրավիճակը իսկապես փոխվել է, այդ թվում նաև` իր համար։ Աղջիկը հրահանգիչ է աշխատում երեխաների համար նախատեսված ժամանցային կենտրոններից մեկում։ Նա համոզված է, որ նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ կարելի է շատ բանի հասնել, նույնիսկ սահմանափակ ունակություններ ունենալու դեպքում։
«Ոսկորներս փխրուն են, այդ պատճառով քայլել չեմ կարող։ Սակայն իմ աշխատանքով և նպատակասլացությամբ ուզում եմ ցույց տալ և ապացուցել, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորն են, բայց առանց սոցիալական լիարժեք ինտեգրման համար հավասար պայմանների», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` հիմնական խնդիրը սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց հարմարեցված հասարակական տրանսպորտի բացակայությունն է։ Օրինակ` եթե մեզնից ցանկացածը (ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն ունեցող) կարող է երկու ուղղությամբ (աշխատանքից տուն և հակառակը) ընդամենը 200 դրամ ծախսել, ապա Էլենը 5 հազար դրամ է ծախսում դրա համար։ Ընդ որում` հաշմանդամության թոշակը 21 հազար դրամ է։
«Տեղաշարժվելու համար ինձ հատուկ մեքենա է պետք։ Նույնիսկ եթե կանգառին ինձ անհրաժեշտ տրանսպորտն է մոտենում, վարորդը չի կանգնում։ Ինձ համար ավելի հեշտ է շատ վճարել և համոզված լինել, որ նորմալ տեղ կհասնեմ», – խոստովանեց Էլենը։
Այս խնդիրն արդիական է նաև Աշոտ Մկրտչյանի համար։ Ի տարբերություն Էլենի, նա գիտի, թե ինչ է նշանակում առանց օգնության տեղաշարժվելը։ Աշոտը հաշմանդամ է դարձել ավտովթարից հետո։ Մկրտչյանի համար իսկական փրկություն է իր իսկ հիմնած հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով։
«Այն փաստը, որ մենք պատգամավորի թեկնածու ունենք, արդեն ձեռքբերում է», – համոզված է նա։
Պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանն իր հերթին խոստանում է պատգամավոր դառնալու դեպքում նախևառաջ զբաղվել հաշմանդամների խնդիրներով։ Նրա կարծիքով` համապատասխան օրինագծերի մշակմանը պետք է մասնակցեն նրանք, ում դա անմիջականորեն է առնչվում։
«Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ուզում եմ արժանավայել կյանքի պայմաններ ստեղծել», – լրագրողների հետ զրույցում ասաց Բաթոյանը։
Նա ընդգծեց, որ միջավայրը (տրանսպորտ, շենքեր) հարմարեցված չէ հաշմանդամներին։
«Նախկինում ամեն տարի` դեկտեմբերի 3-ին, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց նվերներ, դրամական օգնություն էին բաժանում, ինչն ինձ համար անընդունելի է», – ասաց Բաթոյանը։
Նրա կարծիքով` խնդիրների մասին պետք է խոսվի ոչ միայն դեկտեմբերի 3-ին, այլ ամեն օր, և դրանց լուծման համար ոչ թե միանվագ օգնություն է պետք, այլ կոնկրետ սոցիալական ծրագրեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում ավելի քան 187 հազար հաշմանդամ է ապրում։