ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և նույն ընկերության բազայի պետ Հ.Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Բեգլարյանն ու Հովսեփյանը մեղադրվում են բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության մեջ։
Նախաքննությամբ բացահայտված փաստերի համաձայն` Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ–ից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորսի» նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։
Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:
Նրանք, բռնության գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Արդյունքում, 2016 թվականի ապրիլի 25-ին նախկին կոմերցիոն տնօրենն իր բնակարանը գրավադրել է բանկում և ստացած 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:
Բարսեղ Բեգլարյանի Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: