Հայտնի է Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5–ին, Միլանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 Դեկտեմբեր — Sputnik. Դեկտեմբերի 5-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունենալու Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5–ին Միլանում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,–տեղեկացրել է Նաղդալյանը:

Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27–ին, Նյու Յորքում։

Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ։ Ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։