Մահացել է Անդրեյ Բիտովը

Հայտնի գրողը 81 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում մահացել է հայտնի գրող Անդրեյ Բիտովը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը։

81 տարեկան Բիտովի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ

Բիտովը Երևանի պատվավոր քաղաքացի էր, ԵՊՀ պատվավոր դոկտոր։

Նա ԽՍՀՄ-ի գրողներից առաջինն էր, որ բացահայտորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին և դատապարտել։

Նա «Հայաստանի դասեր» գրքի հեղինակն է։ Բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։ Հերթական այցի ժամանակ ասել է. «Ինչ երիտասարդ և առողջ էի այն ժամանակ, երբ տեսա Հայաստանը և գրեցի: Երբ մարդիկ ասում են, թե ինչ-որ ժամանակ ավելի լավ էր կամ ավելի վատ, ստում են, քանի որ միշտ լավն է այն ժամանակաշրջանը, երբ դու երիտասարդ ես: Հիմա, օրինակ, ես այդ գիրքը չէի գրի: Ամեն ինչ պետք է անել իր ժամանակին»։

Բիտովը մի քիչ սրտնեղել էր, որ «այսքան երկար է ապրել». «Իմ տարիքում Լերմոնտովը 3 անգամ կապրեր, Պուշկինը` երկու: Հետո մտածում եմ, որ նրանք գուցե ինձնից երկու և երեք անգամ արագ են ապրել…»:

Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը:

Նրա գործերի տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվում է, և դա Բիտովի համար նոր հորիզոններ է բացում` արտասահման, դասախոսություններ, հասարակական գործունեություն… 1985-ից հետո նա դարձյալ սպասված հեղինակ է դառնում ԽՍՀՄ-ում: Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ռուս գրող Անդրեյ Բիտովին շնորհեց ԵՊՀ ոսկե հուշամեդալ` երկու ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում անգնահատելի ավանդ ունենալու համար: