«Տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել». Շահվերդյանը ներողություն է խնդրել

Սուրեն Շահվերդյանը փորձում է հանգուցալուծել Համազգայինում ծագած սկանդալը. թատրոնի գեղարվեստական ղեկավարը դերասաններին խնդրում է քննարկումները տանել ետնաբեմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Դեկտեմբեր — Sputnik. Համազգային թատրոնի գեղարվեստական նորընտիր ղեկավար Սուրեն Շահվերդյանը պարզաբանել է իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը նոր թատերախումբ ձևավորելու մասին: Նա գրել է, որ անակնկալ կերպով է պատասխանել լրագրողներից մեկի հարցին, ինչի հետևանքով համացանցում չեն դադարում քննարկումները: Սուրեն Շահվերդյանը ներողություն է խնդրել:

«Համազգային» թատրոնի ստեղծագործական խումբը գործադուլ է անում

Շահվերդյանը ներկայացրել է, թե որտեղից է սկիզբ առել թյուրիմացությունը: Ըստ նրա նոյեմբերի 29-ին դերասանների մամուլի ասուլիսից հետո լրագրողի այն հարցը, թե «համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն» անակնկալի է բերել նրան ու հետևել է «արվեստագետին բնորոշ էմոցիոնալ խառնվածքով պատասխան»:

«Մեր երկրում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե թատրոնում կլինեն դերասաններ, որոնք իմ ներկայացրած ծրագրին համաձայն չեն լինի և չեն ցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ»,- պատասխանելով լրագրողի հարցին այդ օրը ասել էր Շահվերդյանը:

Նա հայցում է բոլորի ներողամտությունը, քանի որ, ըստ իրեն, պատասխանը եղել է հապճեպ, էմոցիոնալ և գուցե՝ ոչ ականջահաճո:

«Խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան հարթակում այս պատերազմը, տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել ներդաշնակ մթնոլորտում:

Հայաստանի թատերական միջավայրը մի ամբողջ մեծ ընտանիք է, որտեղ բոլորս ընկերներ և բարեկամներ ենք, որտեղ պետք է բացառել առճակատումն ու անհանդուրժողականությունը:

Խնդրում եմ շարունակել ծառայել Նորին Գերազանցություն Թատրոնին: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք ստեղծել արժանի ներկայացումներ և մեր գործով ապացուցել, որ հայ թատրոնը կար, կա և կլինի»:

Հիշեցնենք նաև, որ թատրոնի ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ էր հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը. հետո նրանք դեմ էին արտահայտվել նաև Սուրեն Շահվերդյանի նշանակմանը: