ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական բազմաթիվ ներդրումային նախագծեր ֆինանսներ են ստանում արտասահմանյան հիմնադրամներից՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական։ Բայց դժվար է պատկերացնել, որ ամերիկյան սթարթափը կարող է ֆինանսավորվել Հայաստանից։ Այնուամենայնիվ, դա վերջերս իրականություն է դարձել։
«Մենք համոզվել ենք, որ բազմաթիվ շատ հետաքրքիր նախագծերում գումար չեն ծախսում կամ գրեթե չեն ծախսում մարքեթինգի վրա։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Չէ՞ որ «տեխնիկական աշխատողների» գլուխը զբաղված է նորարարություններ ստեղծելով, այլ ոչ թե նրանով, թե ինչպես և ում պատմեն այդ մասին։ Որպես կանոն՝ նրանց մոտ մարքեթինգը կառուցվում է մնացորդային սկզբունքով», - նշեց Sprint ներդրումային հիմնադրամի կառավարիչ Կարեն Վարդանյանը։
Հիմնադրամը գրանցվել է Հայաստանի ԿԲ-ում 2018թ-ի ապրիլին, բայց ակտիվորեն սկսել է աշխատել հուլիսից։ Նրա նշանակությունն է լինել աքսելերատոր ինովացիոն նախագծերի համար։
Աքսելերատորներն օգնում են գյուտարարներին և սթարթափներին, որոնք ունեն նախագիծ, բայց դեռ չունեն եկամուտներ։ Աքսելերատորներն արագացնում են գաղափարից եկամուտ ընկած ճանապարհը, այստեղից էլ բխում է անվանումը։
Sprint-ն արդեն ներդրողներ է գտել և գումարներ ներդրել առաջին նախագծերում։ Երբ հիմնադրամը նախագիծ է գտնում ներդրումների համար, այդ փողերը ծախսվում են մարքեթինգի վրա։ Մասնավորապես, քրաուդֆանդինգ, այսինքն «ժողովրդական ֆինանսավորում» անցկացնելու վրա։ Մասնավորապես, քրաուդֆանդինգ, այսինքն «ժողովրդական ֆինանսավորում» անցկացնելու վրա։
Պատմում եք ապագա գնորդներին, թե ինչ հայտնագործություն ունեք և այն ինչի համար է։ Այն անհատը կամ կազմակերպությունը, ում դուր է եղել, ձեզ փող է փոխանցում։ Ամենից հաճախ՝ ապագա ապրանքի կանխավճարի տեսքով։ Դուք այդ գումարով մշակումը հասցնում եք մինչև վերջ։ Քրաուդֆանդինգի համար համացանցում կան հատուկ հարթակներ (ամենահայտնիներն են Kickstarter-ը և Indiegogo-ն)։ Այստեղ կարելի է հրապարակել նաև տեքստ և դեմո-տեսանյութ։
Կարենը նշում է, որ գլխավորը մարդկանց համոզելն է, որ հայտնագործությունը պետք կգա նրանց։
«Մեր առաջին նախագիծը Bristly-ն էր։ Այսպես կոչված «ինքնասպասարկման ատամի խոզանակ» շների համար։ Նրանք ծամում են խոզանակը՝ որպես խաղալիք, իսկ դրա ելուստները մաքրում են նրանց ատամները։ Kickstarter-ում այն հավաքել էր մոտ 430 հազար դոլար, Indiegogo-ում մոտենում էր միլիոնի», - պատմեց Վարդանյանը։
Մյուս նախագիծը Unravel-ն է։ Ստեղծվել էր անհատական մարտկոց՝ միանգամից մի քանի սարքերի համար։ Մինչ հիմնադրամի հետ համագործակցելը նախագիծը հավաքել են մոտ 200 հազար դոլարի. հետո հասավ 450 հազարի։
Երրորդ ստարտափը SoundFlow-ն է։ Հեղինակները հավաքել են «երեքը մեկում» սարք։ Դա պատյան է անլար ականջակալների համար, այն նաև կարող է ծառայել որպես պատյան և լիցքավորող սարք հեռախոսի համար։ Սարքը քրաուդֆանդինգով արդեն հավաքել է 130-140 հազար դոլար։
Չորրորդ նախագիծը (նույնպես ԱՄՆ-ից) Undress-ն է։ Դա հագուստի մոդել է, որը կինը կարող է արագ հագնել (օրինակ, աշխատանքային օրերին ֆիթնեսի կամ յոգայի)։ Իհարկե, դա բարձր տեխնոլոգիա չէ, բայց օգտակար բան է։ Ուստի ֆոնդը որոշել է օգնել հեղինակներին, և նրանք քրաուդֆանդինգով արդեն հավաքել են 300 հազար դոլար։
«Ինչպես տեսնում եք, այս բոլոր հայտնագործությունները հեշտացնում են մարդկանց կյանքը։ Բայց կրկնեմ՝ ոչ բոլոր գյուտարարներն են հարկ համարում ավելորդ անգամ պատմել այդ մասին և շուկա ստեղծել», - ասաց Վարդանյանը։
Այդպես նրա մոտ ծագել է իր տեսակի մեջ առաջին ներդրումային ֆոնդը ստեղծելու գաղափարը։ Նա արդեն չորս նախագծեր է ներգրավել ԱՄՆ-ից։ Բայց նրանց ինչի՞ն է պետք ֆոնդը Հայաստանից, եթե ԱՄՆ-ում հազարավոր նման ֆոնդեր կան։
«ԱՄՆ-ում, իհարկե, բազմաթիվ ծրագրեր կան նորարարությունների համար։ Բայց մենք առաջարկում ենք միանգամից «երկուսը մեկում»՝ ֆինանսներ և զարգացման մարքեթինգ։ Ընդ որում` պարտադիր կարգով։ Այսինքն՝ եթե դուք ֆինանսավորում եք ստանում, դրանից պետք է նաև գումար ծախսեք առաջխաղացման համար։ Մեր դեպքում՝ քրաուդֆանդինգի», - բացատրում է Կարենը։
Դրա համար հավաքել են քրաուդֆանդինգի խորհրդատուներ։ Հայկական ընկերություններից դա Crowdfunding Formula-ն է, արտասահմանյան ընկերություններից՝ RainFactory-ն, որը համարվում է ամենաշատ նախագծերի համար «միլիոն պլյուս» գումար հավաքած հաթակը, ինչպես նաև LaunchBoom-ը և ուրիշներ։
Հիմնադրամի ներդրումային խորհրդի մեջ մտնում են Կարենը և ևս երկու մասնագետներ Հայաստանից։ Նրանց օգնում են օտարերկրյա խորհրդատուները, որոնք խորհուրդ են տալիս գումար ներդնել այս կամ այն նախագծի մեջ։ Այստեղ նույնպես հավաքվել են հայտնի «մասնագետներ»։ Դրանցից մեկը Gadget Flow էլեկտրոնային առևտրի կայքի հիմնադիրն է։ Indiegogo-ի մեկ այլ փոխնախագահն է Ջոն Վասկիսը։
Նման մակարդակի ամերիկյան մենեջերներին ի՞նչն է հետաքրքրել Հայաստանում. դե, իհարկե, ոչ այստեղի հոնորարները։
«Եթե նրանք որոշել են նման խնդիր լուծել, ապա դա խոսում է այն մասին, որ այն իսկապես կարևոր է։ Այլապես նրանք չէին ծախսի իրենց ժամանակը։ Եթե ծախսում են, նշանակում է՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել», - ժպիտով ասաց Վարդանյանը։
Արդյունքում այստեղ դիմում են ամերիկյան նախագծերի ֆինանսավորման համար։ Հիմնադրամի ներդրողներն են Հայաստանից են և արտասահմանից (տվյալ պահին՝ ԱՄՆ-ից և Լիբանանից)։ Խորհրդատուները հայկական են և ամերիկյան, իսկ հիմնադրամը հայկական է։
«Ներդրողները, նույնիսկ հայ, ասել են մեզ. «Ավելի լավ է գրանցվեք ուրիշ երկրում։ Այստեղ զարգացած շուկա չկա»։ Ես չհամաձայնեցի դրա հետ, պայմաններն այստեղ բավական լավն են։ Իսկ այն, որ շուկան զարգացած չէ, դժբախտություն չէ, պետք է ինչ-որ բանից սկսել», - ասաց Կարենը։
Պայմաններն իսկապես «կուրորտային» են․ Հայաստանում ներդրումային հիմնադրամների համար (բացի կենսաթոշակային) եկամտահարկը կազմում է ընդամենը 0,01 տոկոս։ Իսկ կապիտալի աճի համար (capital gain) ներդրողներից հարկ չեն վերցնում, միայն շահաբաժնի հարկ։
«Այսինքն` այստեղ հիանալի հնարավորություններ կան։ Ուղղակի արտասահմանում այդ մասին քիչ գիտեն։ Վերջերս մենք հանդիպել ենք իտալական ֆոնդերից մեկի ներկայացուցիչների հետ։ Նրանք մասնագիտացած են Արևելյան Եվրոպայի ուղղությամբ։ Հիմա ցանկանում են գրասենյակ բացել մեր երկրում։ Ընդ որում` մենք ասում ենք նրանց և մյուս գործընկերներին, որ իրենց հետ աշխատում է հիմնադրամ Հայաստանից։ Իսկ Հայաստանը մի նախագիծ չէ, այլ մի ամբողջ էկոհամակարգ», - ասաց Կարենը։
Ներդրողներին ծանոթացնում ենք նաև փող ներդնելու այլ հնարավորությունների հետ։ Այդ թվում՝ Հայաստանի գործարար հրեշտակների ցանցի միջոցով (Business Angels Network of Armenia - BANA)։ Այստեղ ներդրողը կկարող է որոշել՝ ներդրում անի մեծ ռիսկով՝ որպես «բիզնես հրեշտակ», թե ավելի փոքր՝ ներդրումային հիմնադրամում։
Այնպես որ, հեռավոր և քիչ հայտնի Հայաստանում «բոլորովին ցավոտ» չէ սթարթափների մեջ ներդրումներ անելը, Sprint-ի մասնագետները ցույց կտան և կպատմեն, թե ինչպես դա անել։