«Մենք կաշկանդված չենք». Փաշինյանը խոսել է Սահմանադրություն փոխելու հեռանկարի մասին

«Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սիսիանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք, եթե ուզեք, կանենք: Այսօր Սիսիանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Զվարճալի դեպք Քաջարանում. Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց». տեսանյութ

«Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր պետք է փոխել: Օրինակ, ասվում է, որ պատգամավոր ու նախարար կարող են լինել միայն նրանք, ովքեր վերջին 4 տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել են ՀՀ-ում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը արդարացված է, գործադիրի պարագայում սա սահմանափակումներ է դնում Սփյուռքի ներուժը ներգրավելու հետ կապված»,-մանրամասնեց Փաշինյանը:

Թեկնածուն ասաց, որ նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև «ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն չեն փոխում, 7 ամսվա Սահմանադրությունը պետք է թողնել՝ մի քիչ աշխատի»:

Նա հիշեցրեց, որ ժամանակին զգուշացրել է՝ Սահմանադրությունը սուպերվարչապետական է, քայլեր պետք է ձեռնարկել, որ բռնապետություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան:

«Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետության մեջ հստակ չլինել, թե ով է երկրի ղեկավարը: Այո, այս Սահմանադրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց պետք է լինի փոխզսպման մեխանիզմ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Աշոտյան. «Ատելություն սփռողն անձամբ Նիկոլ Փաշինյանն է»

Նա հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ՀՀ քաղաքացու ընտրության վրա որևէ ապօրինի ազդեցություն չպետք է լինի:

«Մենք ասում ենք՝ ազատ, ժողովրդավար ընտրություններ: Ազատությունն ու ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը չեն վերաբերում միայն նրանց, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլի» օգտին: Դա վերաբերում է բոլորին, բոլոր նրանց, ովքեր թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն: Ընտրություններում ուղղորդելու մի ձև կա՝ լսել քաղաքական գործիչներին, ճանաչել նրանց, որոշել, թե ում օգտին եք ուզում քվեարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ժողովրդավարություն ասելով՝ նկատի չունեն այն, ինչ իրենց ձեռնտու է:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խորհրդարանական նախորդ ընտրություններում իրենք պարզել էին ՀՀԿ շտաբներից մեկում ընտրակաշառք բաժանելու փաստը, և այսօր, ըստ նրա, պարզվել է, որ 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել այդ շտաբից, և 11 հոգի այս գործով ամբաստանյալի կարգավիճակով դատվում է:

«Ես ուզում եմ, որ սա լուրջ ազդակ լինի նրանց համար, ովքեր մտադիր են քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել: Կարող է՝ լինեն մարդիկ, ովքեր փորձեն արջի ծառայություն մատուցել «Իմ քայլը» դաշինքին: Մեզ ոչ մի «հարամ» ձայն պետք չէ, թող ոչ մեկը չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել: Դա նվաստացուցիչ կլինի հեղափոխության համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: