«Աստծո կամքն էր, որ ես դեկտեմբերի մեկին ծնվեի», - ինքն իր մասին ասում է Հմայակ Հակոբյանը` հստակեցնելով, որ այդ ուրախալի իրադարձությունը տեղի է ունեցել գրեթե կեսգիշերին։ Արտիստը եզրակացնում է, որ դրա պատճառով է ինքն անհույս «բու» դարձել ու փոքր տարիքից ապրել բացառապես գիշերային կյանքով...
Մեծ մասամբ հենց ապրելակերպը հետագայում որոշեց նրա գործունեության ոլորտը, թեև անխուսափելի էր, որ հայտնի հորից՝ Հարությունից, պետք է բազում բարդ հնարքներ սովորեր։ Իսկ թե որքանով այդ ուսումը թույլ կտար ձեռնածուի գործը մասնագիտություն դարձնել, կախված էր հենց Հմայակից։
Կարծես նրան իսկապես բարկացրել էր դպրոցական տարիներին եղած դեպքը, երբ դեռ պիոներ էր ու հետաքրքիր, բայց հասարակ հնարք էր սովորել և որոշել էլ ցուցադրել դպրոցական միջոցառման ժամանակ։ Հմայակը հանել էր կարմիր վզկապը, մկրատով մի քանի մասի բաժանել զարմացած ուսուցիչների ու տնօրենի աչքի առաջ։ Մանկավարժների խոսելու ունակությունը վերականգնվել էր ավելի շուտ, քան Հմայակը հասցրել էր ավարտել համարը․ քիչ էր մնացել, որ նրան դպրոցից հեռացնեին, բայց բավարարվել էին պիոներ լինելու պատվից զրկելով։
Այդ ժամանակ Հմայակն ինքն իրեն խոսք էր տվել արագ աշխատել, որպեսզի համարի պարտադիր հեփի էնդն առաջ ընկնի հանդիսատեսի հնարավոր (ու ոչ միշտ կանխատեսելի) բացասական արձագանքից։
Այդպես էլ աշխատում էր ու շատ արագ կարող էր հարուստ դառնալ, եթե նրա մեջ արմատացած չլիներ խորհրդային դաստիարակությունը` ելույթի համար գումար խնդրելը (նույնիսկ եթե առաջարկում են) եթե ոչ ամոթալի, ապա ոչ արժանապատիվ բան է։
Այսպես նա բաց թողեց Մայքլ Ջեքսոնի ֆինանսական առաջարկը, երբ նա հոնորարի դիմաց խնդրեց ելույթ ունենալ իր ընտանիքի առաջ․ Հմայակը ելույթ ունեցավ, բայց դա արեց որպես նվեր արտիստին արտիստից։
Իսկ երբ մեկ այլ նվերից հրաժարվեց, հետո սրտից արյուն կաթաց։ Մի անգամ Հմայակն Աբու Դաբիում ելույթ էր ունենում շեյխի առաջ։ Աննկարագրելի հարուստ շեյխը հիացած էր, տրցակներով փող ու տուփով զարդեր էր առաջարկում, իսկ վերջում այնքան հուզվեց, որ որոշեց հատուկ նվեր մատուցել՝ իր զանազան կանանցից որևէ մեկին։
Հմայակը մի կերպ պլստաց (այսինքն՝ ինքն էր այդպես կարծում), իսկ մի երկու օրից եկավ Աբու Դաբիից մեկնելու պահը։ Նա արդեն իր ռեկվիզիտն էր բեռնում, երբ գրանցման սեղանին մոտեցան ճոխ հանգված տղամարդիկ ու սպիտակ փարաջայով (այն փարաջաներից, որոնց վրա ոչ մի անցք չկա) երկու կանանց բերեցին։ «Այս գեղեցկուհիները նվեր են հրաշագործին», - ասացին տղամարդիկ, Հմայակին հանձնեցին համապատասխան փաստաթղթերի փաթեթն ու հեռացան։
Հմայակը խուճապահար փորձեց հասկանալ` ինչ կարելի է անել, ու տղամարդու փորձառու հայացքը նույնիսկ փարաջայի տակից տեսավ «նվերների» «90-60-90» չափերը։ Մի փոքր հույս կար, որ կանանց թույլ չեն տա հատել անցակետը, բայց մաքսայինն ուսումնասիրեց փաստաթղթերն ու ասաց, որ ամեն ինչ կարգին է, նվերը կարելի է տանել։ Կարծրատիպերն ու տղամարդու ջիղը պայքարի մտան, ու հաղթեց առաջինը։ Մի խոսքով, շեյխի նվերը մնաց օդանավակայանում։
Ցավոք, վերջին տարիներին Հմայակ Հակոբյանը բավականին մեկուսացած կյանք է վարում, գրեթե բեմ դուրս չի գալիս։ Բազում լուրեր են պտտվում, բայց իրական պատճառը հայտնի չէ․ համացանցից ստացած բամբասանքների հիման վրա եզրակացություններ չենք անի։