ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Այս մասին հայտնում է armtimes.com–ը։
Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ ճշտել չի հաջողվել:
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել է սույն գործով ապացույցներ կեղծելու համար։ Հարությունյանը, որն արդեն մի քանի ամիս է` Հայաստանում չէ, լրագրողների հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ մեղադրանքն անհիմն է։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Հարությունյանը և քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: