ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այսօր Քաջարանում «տոկը տվեց»։
Նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ նա միկրոֆոնը մի ձեռքից մյուսը գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ, չզարմանաք»։
Որոշ ժամանակ անցը Փաշինյանին կրկին «տոկը տվեց», և նրան օգնության հասան թիկնապահներ, որոնք միկրոֆոնն ամրացրին ձողին։
Փաշինյանին ասացին, որ միկրոֆոնը ձեռնոցով բռնի, նա էլ հիշեց «Միմինո» ֆիլմը։
«Էդ եղավ Միմինոյի պատմությունը, որ ասում ա՝ Եվրոպայում էլեկտրական դաշնամուր են նվագում, պապն ասում ա՝ չի լինի, էլեկտրական դաշնամուրով ո՞նց կնվագեն, ասում ա՝ տոկը կտա, էս երեխեն Միմինոյին հարցնում ա՝ ճի՞շտ ա ասում՝ տոկը կտա՞, ասում ա՝ չէ, ռեզինի ձեռնոցով են նվագում։ Հիմի ինձ ռեզինի ձեռնոց ա պետք։ Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց, մոռացա»,-ասաց նա։
Նշենք, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր մեկնել էր Սյունիքի մարզ։