ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի կմնա մինչև 2019 թվականը. Փաշինյանի գլխավոր խորհրդական

ՀԱՊԿ մասնակից երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի և ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը։ ՌԲԿ–ին այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ 

ՀԱՊԿ մասնակից երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի և ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։

«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման բոլոր մասնակիցներին», - ասել է Գասպարյանը։

Ավելին՝ նա ավելացրել է, որ մինչ դեկտեմբերի 31-ը ՀԱՊԿ շրջանակում հանդիպում նախատեսված չէ, այդ պատճառով նոր գլխավոր քարտուղարի անունը մինչև եկող տարի հայտնի չի լինի։

Հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքը Հայաստանինն է։ Նախորդ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանի իշխանությունը հետ էր կանչել նոյեմբերի սկզբին՝ քրեական գործի հետ կապված։

ՀԱՊԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992 թվականին։ Անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։