ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին։
Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես` որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար»,– գրել է Աշոտյանը:
Նա ավելացրել է, որ նույնը անելու են նաև կուսակցության բազմաթիվ այլ անդամներ։
Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին։ Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում են 9 կուսակցություն և 2 դաշինք։