ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. The Wall Street Journal պարբերականը հոդվածներից մեկում շփոթել էր Ռուսաստանի նախագահի ազգանունը` նրան Վլադիմիր Թրամփ անվանելով։ Զվարճալի միջադեպի մասին հայտնում է The Hill–ը։
Սխալը նոյեմբերի 29-ին հրապարակած «Trump Canceling Planned Meeting With Russia"s Putin Over Ukraine Situation» («Թրամփը չեղարկել էր Պուտինի հետ հանդիպումը Ուկրաինայում տեղի ունեցած իրավիճակի պատճառով») նյութում էր։ Այն անմիջապես սրամտությունների տեղիք տվեց։
Այսպես օրինակ ընթերցողներից մեկը գրել էր, որ սա օրվա լավագույն բանն էր` շնորհակալություն հայտնելով պարբերականին։
«Միայն թե ոչինչ պետք չէ փոխել, շնորհակալություն», – կատակեց մյուսը։
Սակայն գտնվեցին նաև նրանք, ովքեր սխալմունքը միտումնավոր «պիտակեցին»։
«Կանխամտածված պատահականություն», – գրել էր agekini_Unbreakable_Body–ն։
Շուտով, սակայն, սխալն ուղղել են և ներողություն խնդրել ընթերցողից։
«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահն է։ Խմբագրելու ժամանակ տեղի ունեցած շփոթմունքի պատճառով այս հոդվածի ավելի վաղ տարբերակում մենք սխալ էինք նույնականացրել Պուտինին», – պարզաբանել է խմբագրությունը։
France 2-ը ֆրանսիական հեռուստաալիքն օգոստոսին սյուժե էր ցուցադրել, որում պնդում էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որս է անում վագրերի վրա։ Ավելի ուշ լրագրողները հայտարարել էին, որ ոչ միտումնավոր արված սխալ է եղել։