ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան այցը մասնավոր էր։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր այս մասին ասել է ավանդական ճեպազրույցի ժամանակ։
«Այդ ուղևորությունը չի կարող դիտարկվել այլ կերպ։ Այցի կարգավիճակն ակնհայտ է», – ասել է Զախարովան` պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ–ներից մեկի լրագրողի հարցին։
Նրա խոսքով` Սահակյանի ուղևորությունը չի հակասում ո՛չ Ռուսաստանի օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ էլ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան կարգավորման հարցում։
«Ադրբեջանական կողմի բողոքը, որ վերջերս ներկայացվել էր ռուսական կողմին, մեր տեսանկյունից անհիմն է», – ասել է Զախարովան։
Բակո Սահակյանը նոյեմբերին այցելել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ` Ֆրանսիա, Ռուսաստան ու ԱՄՆ։ Այս այցելությունները բողոքի ալիք են բարձրացրել Բաքվում։