Սարգսյանը դեռ Բեռլինում է. նախագահը հանդիպել է հանրահայտ ընկերության ղեկավարության հետ

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Եվրոպական խոշորագույն ընկերության հետ համագործակցության այլ ճանապարհներ կբացվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենսի»՝ Բեռլինում տեղակայված արտադրություն։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Իտալացիները պատրաստ են ավելի էժան վաճառել Երևանում նոր ՋԷԿ–ից ստացած էլեկտրաէներգիան

Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։

«Սիմենս» ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականցվող խոշոր ներդրումային ծրագրում․ իտալական «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների հետ «Սիմենսն» իրականացնելու է Երևանում գազատուրբինային ՋԷԿ-ի կառուցումն ու շահագործումը: 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ-ի կառուցման համար օգտագործվելու են «Սիմենս» ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները: Նախատեսվում է, որ ՋԷԿ-ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։

Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օգտագործվելիք տեխնոլոգիաների մասին։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Սիմենսի» առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառումը կարևոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ Նրա խոսքով` տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով: Հետևաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով «Սիմենսի» հետ, կարող ենք նաև մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ոլորտներում և «Սիմենսի» հետ համագործակցության այլ ճանապարհներ բացենք»։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Սիմենսի» հետ համագործակցությունը շարունակական կլինի։