Այցելուներին Հայաստանը ձգում է. ո՞ր երկիրն է 1-ին տեղը զբաղեցրել այցելությունների քանակով

Հայաստանը կարող է ըստ արժանվույն իր զբոսաշրջիկներին դիմավորել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը, իսկ հայկական զբոսավայրերը տարածաշրջանում հայտնի են իրենց լավ որակով և սպասարկման բարձր մակարդակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելության քանակով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«2018 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 275 հազար մարդ, ինչը 8,8%–ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դա պայմանավորված է Ռուսաստանից այցելուների քանակի աճով` ավելի քան 500 հազար, ինչը 17,3%–ով շատ է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ», – ասաց Ապրեսյանը։

Դինամիկան ոգեշնչում է․ ինչպես կփոխվի Հայաստանի «զբոսաշրջային դեմքը»

Երկրորդ հորիզոնականում է Վրաստանը` ավելի քան 250 հազար այցելուներով։ Սակայն այդ ցուցանիշը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,8%–ով։ Ինչով է դա պայմանավորված, դեռ հայտնի չէ, ֆեդերացիան մտադիր է ուսումնասիրել այդ հարցը։

Այս տարի Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև գերմանացի, ֆրանսիացի, լեհ, ուկրաինացի, իտալացի և ամերիկացի զբոսաշրջիկները։ Ի դեպ, Իրանից եկող զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 28%–ով։ Դա պայմանավորված է հարևան երկրում տնտեսական բարդ իրավիճակով։ Այս տարի Հայաստանը գրավել է նաև արկածների սիրահարներին Հնդկաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Կորեայից և արաբական մի շարք երկրներից։

«Թավշյա հեղափոխությունը», բարձրաստիճան անձանց այցերը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձրացրել են Հայաստանի ճանաչողականությունն աշխարհում։ Ապրեսյանի խոսքով` իշխանությունները պետք է օգտվեն դրանից դեպի երկիր զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու համար։

Ապրեսյանը կարծում է, որ Հայաստանը կարող է ոչ միայն ամռանը, այլև ձմռանը արժանի դիմավորել զբոսաշրջիկներին։ Սակայն հիմնական խնդիրն Ամանորին է լինում, երբ երկրում բաց են ոչ բոլոր թանգարանները, սննդի կետերն ու զվարճանքի կենտրոնները։

Հիշեցնենք, որ Հայաստանը ճանապարհորդությունների համար 10 առավել անվտանգ երկրների ցանկում է։