Առկա է սադրիչ հռետորաբանություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ ընտրությունների վերաբերյալ

Համաձայն զեկույցի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություններ է հայտնել Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերվող անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում։

Կազմակերպությունն այսօր հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը։

Կրծոցի՝ գաղափարների փոխարեն. փորձագետի գնահատականներն ու կանխատեսումները

Զեկույցում հիշեցում է արվում, որ համաձայն օրենքի՝ ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք կայքում: Սա ԺՀՄԻԳ-ի մի շարք զրուցակիցների մոտ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների տվյալների գաղտնիության մասով: Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել, քանի որ բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ապահովել են 25 % սեռային քվոտան։

Կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում վերջիններս կազմակերպությանը վստահություն են հայտնել ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում։

Զեկույցում նշվում է, որ որոշ քաղաքական կուսակցություններ հայտարարել են, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի պաշտոնակատարի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:

Ասվում է նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար: