ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը Legatum Prosperity Index–ի «բարգավաճման վարկանիշային աղյուսակի» 88–րդ հորիզոնականում է։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առել 149 երկրի տնտեսության զարգացվածության, բիզնես միջավայրի մակարդակը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության, առողջապահության, անվտանգության ու անձնական ազատության մակարդակը, սոցիալական կապիտալի ու էկոլոգիական միջավայրի զարգացումը։
Տարածաշրջանի երկրների ցանկում Հայաստանը լավագույն արդյունքներից մեկն է գրանցել. մեզնից առաջ է միայն Վրաստանը, որն 80–րդ հորիզոնականում է։ Ադրբեջանը հայտնվել է 99–րդ, Թուրքիան` 93–րդ, Իրանը` 108–րդ տեղում։
Հայաստանը բարձր ցուցանիշ է գրանցել կրթության ոլորտում (48-րդ տեղ), փոխարենը ցածր է սոցիալական կապիտալի զարգացման ցուցանիշը (133-րդ տեղ)։ Անվտանգության մակարդակով երկիրը 78–րդն է, բնապահպանության ցուցանիշով` 72–րդը։
Այս տարի տնտեսության զարգացման ցուցանիշով առաջատար է Իսլանդիան, բիզնես միջավայրի զարգացման ցուցանիշով` ԱՄՆ–ն։ Անվտանգության մակարդակով ու պետական կառավարման համակարգի ցուցանիշով առաջինն է Ֆինլանդիան։ Առողջապահության զարգացման մակարդակով առաջատարը Սինգապուրն է։ Ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Նորվեգիան, իսկ էկոլոգիապես ամենաբարեկեցիկը` Սլովենիան։ Ազատության ու մարդկային կապիտալի զարգացման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Կանադայում ու Նոր Զելանդիայում համապատասխանաբար։
Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Նորվեգիան է, որին հաջորդում են Նոր Զելանդիան ու Ֆինլանդիան։ Աղյուսակը եզրափակում են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն ու Աֆղանստանը։