ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ գեղարդը, և ժողովուրդը կկարողանա մասունքից բաշվող օրհնություն ստանալ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին:Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ գեղարդը:
Մայր Աթոռը հրավիրում է բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:
Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին է:
12-րդ դարից մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը Սուրբ գեղարդը պահվել է Գեղարդավանքում: Իսկ հետո երբ արշավանքների ու ասպատակությունների հետևանքով վանքը վտանգի տակ է հայտնվել, որոշվել է այնտեղ պահվող սրբությունները տեղափոխել Սուրբ Էջմիածին: Այդ սրբություններից մեկն էլ Սուրբ գեղարդն է եղել:
1760-ական թվականներից մինչև այսօր Սուրբ գեղարդը պահվում է Մայր աթոռում, Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական ուշադրության և հոգածության ներքո, քանի որ գեղարդն այն երեք սրբություններից մեկն է, որով օրհնվում է հայոց եկեղեցու սրբալույս մյուռոնը: