Փաշինյանը խոստացել է նոր բացահայտումներ անել

Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական հանդիպմանն իր ելույթում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ինչ անել, որ բարեփոխումն աղետի չվերածվի,կամ նախարարությունների կրճատման լավ ու վատ կողմերը

Ներկայացնելով իր ղեկավարած կառավարության 7 ամիսների ընթացքում իրականացրած սոցիալական բարեփոխումները` Փաշինյանը նշել է, որ սոցիալապես անապահով խավերի համար 10, 20 դրամով էժանացել են գազն ու էլեկտրաէներգիան, խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանա, 209 000 մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 000 մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում: Հունվարի 1-ից կբարձրանան 85 000 քաղաքացիների թոշակներն ու նպաստները։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից կառավարության որոշմամբ ավելանալու է նաև նվազագույն կենսաթոշակի չափը։ Այն սահմանվել է 25 500 դրամ։ Բայց այդքան կստանան միայն նվազագույն կենսաթոշակ ստացողները` նրանք, ովքեր մինչև հիմա 25 500 դրամից ցածր էին ստանում, իսկ 25 500 դրամից բարձր կենսաթոշակները կմնան նույն մակարդակում։

Նվազագույն զամբյուղի և կենսաապահովման չափը Հայաստանում հաշվարկում է վիճակագրական կոմիտեն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազագույն պարենային զամբյուղը թեև 25 500 դրամ է, բայց նվազագույն կենսաապահովման համար 1 անձին ամսեկան անհրաժեշտ է նվազագույնը 62 330 դրամ։