Լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պարգևատրել են Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով

Լեգենդար կինոօպերատորը պարգևատրվել է կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման մեջ ունեցած զգալի ավանդի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Խորհրդային և հայ կինոյի ականավոր գործիչ, կինոօպերատոր և մանկավարժ Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Լևոն Աթոյանցը։

«Կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման և հայկական կինոյի ոսկե ֆոնդի մեջ ունեցած զգալի ավանդի համար Լևոն Աթոյանցը պարգևատրվում է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով», - գրված է պատվոգրի վրա։

Ինչպե՞ս է թալանվել «Հայֆիլմ» կինոստուդիան. Sputnik–ի հյուրն է Լևոն Աթոյանցը

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը խոստովանեց, որ դաստիարակվել է Աթոյանցի ֆիլմերի հիման վրա և նրա համար մեծ պատիվ է այդ շքանշանն ականավոր կինոօպերատորին անձամբ հանձնելը։

«Շատ հաճելի է», - ամաչելով ասաց Աթոյանցը։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդության պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում որպես արհեստավոր: Մեկ տարի հետո տեղափոխվել է Թիֆլիսի Ժողովրդական տուն:

1955 թվականին տեղափոխվել է Հայաստան: 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կինոօպերատոր։ Լևոն Աթոյանցը օպերատորական դպրոցի հիմնադիր է։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա նկարահանել է ավելի քան 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Հեղնար Աղբյուրը», «Մորգանի խնամին», «Զինվորը և փիղը», «Խոշոր շահում», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը»։