Ողբերգական դեպք Երևան–Գյումրի ճանապարհին. վարորդի դին հայտնաբերվել է ձորակում

Դիակը դուրս են բերել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում`Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, երեկ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 23:30-ի սահմանում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է «Հյուսիս–հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս Է բերվել ձորից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: