Հայաստանում արդեն տեխնիկա են պատրաստում «Սուխոյի» և «Բոինգի» համար․ Արշակյան

Տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների նպատակն է պայմաններ ստեղծել ընկերությունների զարգացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունների նպատակն է կրկնել խորհրդային ժամանակների ներգաղթը։ Այդ մասին Դիլիջանում բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Խորհրդային Հայաստանում բնակչությունն աճել էր, որովհետև հայերը (և ոչ միայն հայերը) ուրիշ հանրապետություններից գալիս էին այստեղ գործարաններում, ֆաբրիկաներում և հետազոտական ինստիտուտներում աշխատելու։ Հիմա էլ Հայաստանում կարելի է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում տաղանդավոր երիտասարդները հնարավորինս հեշտությամբ կստեղծեն և կզարգացնեն ձեռնարկություններ։

Հայաստանը պետք է լինի զարգացած երկիր, որովհետև խնդիրների լուծման գործիքը մարդկային միտքն է

«Մենք չենք բաժանում մարդկանց տաղանդավորների և անտաղանդների։ Ուղղակի տաղանդավոր մարդը կարող է նոր աշխատատեղեր ստեղծել։ Այդ դեպքում նա կմնա երկրում և կօգնի տասնյակ մարդկանց։

Պատկերավոր ասած` որպեսզի  ծիլերը դառնան անտառ, և որպեսզի ամբողջ էկոհամակարգը մնա Հայաստանում», - հավելեց Արշակյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով`պրոֆեսիոնալներից շատերը լքում են Հայաստանը ոչ այնքան փողի համար, որքան հանուն հեռանկարի։ Ուստի գլխավորը ոչ թե լավ մասնագետներ պատրաստելն է, այլ նաև նրանց ցույց տալը, թե ինչպիսի հեռանկարների կա այստեղ նրանց համար։

Նա հավելեց, որ հանրապետությունում կա մշակողների խումբ, որոնք պատվեր են կատարում խոշոր ավիացիոն կորպորացիաների համար։

«Երբ մենք ասում են «ինքնաթիռ», հավանաբար պատկերացնում ենք փայլուն ֆյուզելյաժ։ Իրականում այն բաղկացած է հարյուրավոր և հազարավոր հաղորդիչներից և օպտիկայից։ Դրանց մի մասը պատվերով պատրաստում են այստեղ՝ Հայաստանում, և ոչ միայն քաղաքացիականների համար։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման կարգի մշակողները շատանան», - նշեց նա։

Նշենք, որ կառավարության վերջին նիստերից մեկում հավանության էր արժանացել բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար արտոնություններն ընդլայնելու մասին օրինագիծը։ Հիմա եկամտահարկից կազատվեն ոչ միայն ծրագրային ապահովում մշակողները, այլ նաև էլեկտրոնիկայի կոնստրուկտորները։