Ադրբեջանը հրետակոծում է Նոյեմբերյանը, ՀԱՊԿ–ը լռում է. պաշտոնաթող բարձրաստիճան զինվորական

ՀԱՊԿ–ը չպիտի լռի, եթե Ադրբեջանը կրակում ու սպառնում է Հայաստանին։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը ՀԱՊԿ–ին կոչ է անում կատարել պարտականությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբեր — Sputnik. Հարաբերությունները ՀԱՊԿ–ում բարդացել են, հատկապես` գլխավոր քարտուղարի հետ կապված գործընթացից հետո։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված վիճակին, ասաց ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, Աֆղանստանի պատերազմի մասնակից և ՀՀ ԶՈՒ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը։

Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել. Զատուլինը` ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Այդուհանդերձ, զինվորականը նկատեց, որ այդ կառույցում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել։ «Իմ կարծիքով, այնտեղ ինչ–որ քաղաքականություն է փոխվում Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով։ Օրինակ` Ադրբեջանի զինուժը հրետակոծում է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանը, ՀԱՊԿ–ը լռում է։ Չէ՞ որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուրեմն որոշակի արձագանք պիտի լինի։ Կամ Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում Նախիջևանում, ու հրավիրվում է ՆԱՏՕ–ի անդամ երկրի ղեկավար Էրդողանը, և նա գլուխ է գովում, թե մենք կգրավենք Հայաստանը, Երևանը մերն է և այլն, սպառնում է ու անտաղանդ ելույթ ունենում։ Եվ ՀԱՊԿ–ը դարձյալ լռում է։ Այս տեսանկյունից ես քննադատաբար եմ մոտենում։ Բայց ՀԱՊԿ–ում լինել հարկավոր է։ Հարկավոր է հավատարմության օրինակ ցույց տալ ՀԱՊԿ մնացած անդամներին»,– ասաց Տեր–Գրիգորյանցը։

Պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականն իր խոսքում ՀԱՊԿ–ին կոչ արեց հավատարիմ մնալ այն առաքելությանը, որի համար ստեղծվել է։

Տեր–Գրիգորյանցը Երևանում մասնակցում է Լազարյան ակումբի նիստին։ Հայ–ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակը, կանդրադառնան տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 6-ին նախանշված ՀԱՊԿ գագաթնաժողովը։