Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել. Զատուլինը` ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Պետդումայի պատգամավորը համարում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ստանդարտ չէ, իսկ Ղարաբաղի հարցը չի կարող սպասել ու դրվել հետին դարակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը համարում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետև նախատեսված չի եղել կանոնակարգով։

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին խոսել է Լուկաշենկոյի հետ

«Կանոնակարգումները կձևավորվեն հենց այս նախադեպից հետո: Ես ՀԱՊԿ աշխատակից չեմ, նշանակման հետ առնչություն չունեմ: Դուք ծանոթ եք իրավիճակին։ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո նրան փոխարինելու անհրաժեշտություն առաջացավ: Պայմանավորվել են, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին: Կդժվարանամ ասել, թե ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները: Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել, ասել՝ ում ճիշտ կլիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել, ում ճիշտ չէր լինի»,- այսօր լրագրողներին ասաց Զատուլինը:

Նա խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին` նշելով, որ դրանք դաշնակցային են, և ինքը դրանք հարցականի տակ չի դնում:

«Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ ընդունված է հեղափոխություն ասել, փոփոխություններ բերեց ոչ միայն երկրի ներքին, այլև արտաքին օրակարգում»,- ասաց նա:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Զատուլինը նշեց, որ այս պահին կարգավորման գործընթացում ժամանակավոր դադար է` կապված Հայաստանում նախատեսված ընտրությունների հետ, բայց, ըստ պատգամավորի, «Ղարաբաղի հարցը չի կարող սպասել և չի կարող դրվել հետին դարակներում»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա ասել էր, որ երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի։

Գլազն ավելացրել էր նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։