ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջականորեն մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Նա հիշեցրեց` բանակցությունների նախնական ձևաչափը Ղարաբաղի մասնակցություն ենթադրում էր, ու 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը երեք կողմերն են ստորագրել` Հայաստանը, Ադրբեջանն ու Ղարաբաղը։
«Այդ հակամարտության կոնֆիգուրացիան զգալիորեն տարբերվում է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից։ Բոլոր դեպքերում իրավիճակը դասական է` կա երկու կողմ։ Իսկ այստեղ հնարավոր չէ սահմանափակվել երկու կողմով։ Ղարաբաղը հակամարտության կողմ է, հետևաբար պետք է մասնակցի բանակցություններին։ Ինձ համար դա ակնհայտ է», – ընդգծեց Կազիմիրովը։
Այլ հարց է, որ ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի ուզում դա անել, ու վերջին 20 տարիներին բանակցությունները երկկողմ ձևաչափով են ընթանում։
Կազիմիրովը կարծում է նաև, որ Ադրբեջանը փորձում է առաջին պլան մղել, այսպես կոչված, «գրավյալ հողերի» ազատագրումը, սակայն դա հնարավոր չէ առանց հայկական կողմին պատասխան զիջումներ անելու։
«Իսկ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն այդ զիջումները չի ուզում անել։ Ավելին` Բաքուն մշտապես սաբոտաժի է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական առաջարկները` դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին և այլն», –ասաց նա։
Նրա խոսքով` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմին պետք է անընդհատ լարել իրավիճակը։