Կրեմլն արձագանքել է Պորոշենկոյի կոչին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի ղեկավարի` ՆԱՏՕ–ի նավերը ծով մտցնելու կոչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ–ի նավերը Ազովի ծով մտցնելու կոչին։ Այսօր լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց միայն այդ հարցը քննարկելն ուղղված է լարվածության հետագա թեժացմանը, սադրիչ գծի շարունակությանը, որի հիմքում նախագահ Պորոշենկոյի ներքաղաքական նախընտրական շահերն են», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` այդ հարցում չեն կարող լինել «ինչ–որ բարեպատեհ դատողություններ»։

Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն NBC–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ի նավերի Սև ծով մտցնելը թույլ կտա սատարել Կիևին Կերչի ծոցում միջադեպի ֆոնին։

Նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները Սև ծովում ուկրաինական երեք ռազմանավ են բռնել։ ԱԴԾ տվյալների համաձայն` կոնֆլիկտի հետևանքով տուժել են երեք (Կիևի տվյալներով` 6) ուկրաինացի զինվորական։ Ուկրաինան, նոյեմբերի 26-ի միջադեպով պայմանավորված, ռազմական դրություն է մտցրել երկրում։