Գորիս–Կապան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. լուսանկար

Բեռնատար ավտոմեքենան բարձված է եղել մազութով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մազութով բարձված բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 29-ին, առավոտյան։

ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 11-րդ կմ-ին մազութով բեռնված (30տ) «MACK» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդը՝ Բեյզաթ Ախվեդիզադե, ծնված 1968 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ). առկա է մազութի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոցիստեռնից մազութի արտահոսքը դադարեցվել է քաղաքացիների ուժերով, իսկ վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը: