Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Տոնոյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Կարեն Ղազարյանի ծնողներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ադրբեջանում գերեվարված Ղազարյանի հարազատները բողոքում են. Թբիլիսի տանող ճանապարհը փակ է

Հանդիպման ընթացքում Կարեն Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին նշել են, որ 2004-2006 թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կ. Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կ. Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության  հետ:

Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում: