ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Լոռու մարզի իրենց կողմնակիցներին կոչ է անում իր փոխարեն ընտրել Էդուարդ Շարմազանովին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաև թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում:
«Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, և ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները: Բայցևայնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա»,–գրել է Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր առաջին օրն է, որ ինքը հնարավորություն ունի Լոռի մեկնելու։
«Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու և իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»,–անկեղծացել է Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։