Երազում եմ ամուսնուս հետ մեր սենյակն ունենալ. ի՞նչ են պահանջում զինծառայողները գործադիրից

Ծառայությունն ավարտվել է, հույսը` մնացել։ Կառավարության շենքի դիմաց հավաքված նախկին զինվորականները սեփական տանիք են երազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արցախյան պատերազմի մասնակից, թոշակի անցած սպա Վրեժ Բաբայանի 2 որդիները հեռացել են Հայաստանից, իր խոսքով` տուն չունենալու պատճառով։ Նախկին սպան կրտսեր որդու ու կնոջ հետ ապրում է վարձով, ու այսօր իր զինակիցների ու նրանց ընտանիքների անդամների հետ կառավարության շենքի դիմաց էր` կառավարությանը տեղյակ պահելու իրենց անլուծելի խնդրի և սոցիալական դժվարին պայմանների մասին։

«1993թ–ից ծառայության մեջ եմ եղել, 2004թ–ից անցել եմ թոշակի, դիմել եմ նախարարին, վարչապետին, բայց անօգուտ։ Նախկին կառավարությունը խոստացավ, որ 10 սպայի պիտի տուն տան, որոնց թվում նաև ինձ։ Բայց այդպես էլ տուն չստացանք, որդիներս էլ թողեցին, գնացին»,– ասաց Բաբայանը` ավելացնելով, որ թոռնիկներն ամեն անգամ իր հետ խոսելիս ասում են, որ ուզում են Հայաստան վերադառնալ։ «Բայց գան, որտե՞ղ ապրեն»,– ասում է պապը։

Վրեժ Բաբայանը բնակարանային խնդիր ունեցող միակ զինվորականը չէ։ Կառավարության շենքի դիմաց այսօր այդ խնդիրը մի քանի տասնյակ մարդկանց էր հավաքել։ Բայց նրանց խոսքով` տուն չունեցող զինծառայողների իրական թիվն անցնում է 1000–ից և ամեն տարի ավելանում զորացրվածների ու թոշակի անցածների հաշվով։

Երազում եմ ամուսնուս հետ մեր սենյակն ունենալ. ի՞նչ են պահանջում զինծառայողները գործադիրից

Բողոքի ակցիային մասնակցող մեկ այլ նախկին զինվորական, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ բոլոր իշխանություններն ու կառավարությունները հայտարարել են զինծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու պետական ծրագրի անհրաժեշտության մասին, բայց այն առ այսօր չի հաստատվել։

Եկեք օգնենք զինվորականներին հիփոթեքի հարցում, ոչ թե բնակարանի վարձակալության. Փաշինյան

«Հանդիպել ենք վարչապետի հետ, տրվել են հանձնարարականներ, կազմվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը 2-3 նիստ արդեն գումարել է, բայց մեր ներկայացուցչին չեն հրավիրել այդ նիստերին»,– ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է զինծառայողներին հիփոթեքային հատուկ պայմաններով բնակարանների գնման հնարավորություն ընձեռելու ծրագրին, այն, մեր զրուցակցի համոզմամբ, թոշակի անցածների համար չէ։

«120 000 դրամով նույնիսկ ընտանիք պահել չի լինում, ինչպե՞ս պետք է վարկ փակենք։ Այդ ծրագիրը ձեռնտու է միայն երիտասարդ սպաներին, որոնք նոր են անցնում ծառայության, կարող են գումար տնտեսել, քանի որ դեռ մեծ ընտանիք չունեն, և կարող են իրենց թույլ տալ 2-3 սենյականոց բնակարան գնել»,– ասաց նա։

Հաջորդ խնդիրը, ըստ հավաքվածների, այն է, որ բնակարանի համար հերթագրվելիս շուրջ 20 տարի առաջ իրենց երեխաները դեռ փոքր են եղել, բայց հիմա մեծացել են, իսկ օրենքը 23 տարեկանից հետո նրանց այլևս զինծառայողի երեխաներ չի համարում։ Ու նույնիսկ եթե այսօր բնակարան ստանան, լավագույն դեպքում կլինի 1 սենյականոց։

«Հնարավոր է` բնակարան տան, ասեն` դուք այր ու կին եք, գնացեք, ապրեք։ Ու երևի այդպես էլ կլինի»,– ասում է 23, 24 և 12 տարեկան երեխաների հայրը, որը մի քանի տարվա ընթացքում արդեն 4-րդ վարձով բնակարանն է փոխել ու անհույս սպասում է պետության խոստացած սեփական տանիքին։

Զորացրված զինծառայող, զինծառայողի կին Անուշ Գևորգյանն էլ պատմեց իրենց պատմությունը։

«Ես արդեն 60 տարեկան կին եմ ու երազում եմ իմ զինծառայող ամուսնու հետ ունենալ մեր սեփական սենյակը։ Ամուսինս մեր համատեղ կյանքի ամբողջ ընթացքում սահմաններում է եղել։ Ես անընդհատ սպասել եմ ու չեմ իմացել` կգա, թե ոչ, չեմ իմացել` իմ երեխան վերջին անգամ հրաժեշտ տվեց հայրիկին, թե ոչ։ Ու այսօր, երբ ծառայությունն ավարտել են, պետք է մնացած կյանքը հանգիստ ապրենք, մնացել ենք առանց տան»,– ասաց նա։

Անուշ Գևորգյանն ամուսնու ու երեխաների հետ այսօր էլ շարունակում է ապրել զորամասին կից զինվորական կացարանում, շարունակում է երազել այն օրը, երբ ստիպված չի լինի արթնանալ զինվորական վերկացի հրահանգով ու ամեն անգամ տուն գնալիս ստիպված չի լինի անցնել զորամասի հսկիչ անցակետով։

Բնակարանների գներն աճել են ու դեռ աճելու են. Կադաստրի ղեկավար

Հիշեցնենք` անցած շաբաթ կառավարությունը հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը:

Դրա համաձայն` Երևանում վարձով բնակվող մինչև 4 հոգանոց ընտանիքը հունվարի 1-ից կստանա 65 000 դրամ, 4–ից ավելի անձանցից բաղկացած ընտանիքը՝ 85 000, այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքը՝ 38000 դրամ, 4–ից ավելի անձանցից բաղկացած ընտանիքը՝ 50000 դրամ։ Իսկ այլ բնակավայրերում՝ համապատասխանաբար՝ 20 000 և 25000 դրամ:

Այս որոշումը, ի դեպ, վերաբերում է միայն ծառայության մեջ գտնվող զինծառայողներին. զորացրվածներն ու թոշակառուներն այս փոխհատուցումից չեն օգտվի։