ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փորձում է սրբագրել սխալները. Քոչարյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ»։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը մտածելու տեղիք է տալիս։

«Դատարանն օրենքի հիման վրա չի ստեղծված». Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

«Գլխավոր դատախազը որոշել է գալ, որովհետև հանրապետության 2-րդ նախագահն է իր առջև, դա հարգանքի նշան է և երկրորդ տարբերակ՝ գուցե և փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ»,- ասաց Սահակյանը: Անդրադառնալով գլխավոր դատախազի՝ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ հայտարարությանը, Սահակյանը նշեց, որ ինքը բացարձակապես համաձայն չէ դատախազի հետ, բայց դահլիճում կասի, թե ինչու:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 28-ին, ՀՔԾ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է ՝ Վերաքննիչ քրեական  դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։