Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը մնաց առկախ. հայտնի է` երբ կշարունակվի դատական նիստը

ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը չավարտվեց, բայց հետաձգվեց մի քանի օրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու մասին բողոքի քննությունը կշարունակվի հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստի ընթացքում չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը:

«Ես իմ բողոքը սկսեցի ներկայացնել, բայց ավարտին չհասա»,- ասաց նա:

Մինչ այդ Ալումյանն ասել էր, որ իր բողոքը վերաբերում է Քոչարյանի կալանավորման մասին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանը։ Ըստ փաստաբանի` դրանում «ուղիղ ասվում է, որ կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացված է եղել այն նպատակով, որ ստիպեն անձանց ցուցմունք տալ» և ոչ թե օրենքով նախատեսված հիմքերով։

Օրբելյան. «Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու իրավունք չունի»

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: