ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները տարեկան ստանում են միջինը 3000 դոլար, գրում է Sporting Intelligence կայքը։
Կայքի ուսումնասիրության համաձայն` 2018թ–ին Հայաստանը 68 երկրների շարքում (բարձրագույն լիգաների շարքում) նախավերջին հորիզոնականում է` առաջ անցնելով միայն Սան Մարինոյից։
Հարևանների վիճակն ավելի լավ է։ Ադրբեջանի առաջնությունում ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 61 հազար դոլար, Վրաստանում` մոտ 15 հազար դոլար, Թուրքիայում` տարեկան մոտ 864 հազար դոլար։
Բելառուսում ցուցանիշը 37 հազար դոլար է, իսկ Ղազախստանում` 150 հազար։
Հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենաբարձր աշխատավարձը ստանում են Ռուսաստանի ֆուտբոլիստները` միջինը 877 հազար դոլար։
Ցուցակի առաջին տեղում Անգլիան է` գրեթե 4 միլիոն դոլարով։ Երկրորդ տեղում է իսպանական «Լա Լիգան»` 2,9 միլիոն դոլարով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է իտալական «Ա սերիան»` 1,9 միլիոն դոլարով։ Նրանց հաջորդում են Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը։