Դիմակավորված և զինված ավազակային հարձակում է կատարվել Արմավիրի Զարթոնք գյուղում

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ գործողություններ՝ փախուստի դիմածին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Այս գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ դիմակավորված և հրազենով զինված, ցանկապատի վրայից փորձել են մուտք գործել Զարթոնք գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը։

Ավազակային հարձակում Երևանում. մթերային խանութի հացթուխը թալանել է մենեջերին

Տանտերերը, նկատելով, դիմադրություն են ցույց տվել։ Հարձակվողներից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին տանտերերը բռնել են։ Նշված վայր է մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Արդեն տեղում ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ազիզյանին։ Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզած անձի հետ փորձել են ավազակային հարձակում կատարել։ Նրանց դիմադրություն են ցույց տվել Զարթոնք գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Մարինե Աբովյանը, նրա հայրը՝ 79-ամյա Ռաֆիկ Աբովյանն ու մայրը՝ 71-ամյա Զոյա Խուրշուդյանը։ Ընտանիքի անդամները վնասազերծել են Կ. Ազիզյանին, իսկ նրա հանցակից ընկերը հրազենով դիմել է փախուստի։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 փամփուշտատուփ՝ 18 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով, կտորից սարքված 2 հատ դիմակ, 1 հատ էլեկտրաշոկ, 1 զույգ կտորից ձեռնոց, մահակ, ինչպես նաև տոպրակ, որի մեջ եղել է թափանցիկ կպչուն ժապավեն և պոլիմերային կապիչներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմածին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։