«Վերջին անգամ». Արա Բաբլոյանը պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը վերջին անգամ էր մասնակցում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստում պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բաբլոյանին ՍԾՏՀ նիստին

Պարգևը նրան հանձնել է ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա հայտարարել է, որ Բաբլոյանը, որը վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ակտիվություն է ցուցաբերել և իր զգալի ներդրումն է ունեցել:

«Ես ավարտում եմ իմ գործունեությունը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, բայց չի ավարտվում իմ գործունեությունը թիմում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ես կլինեմ բարեկամ, գործընկեր, դաշնակից», – ասել է Բաբլոյանը։

Նրա խոսքով` միջխորհրդարանական վեհաժողովը՝ որպես ԱՊՀ խորհրդարանական բաղադրիչ, երկխոսության ու ԱՊՀ երկրների խորհրդարանների համագործակցության կարևոր և արդյունավետ հարթակ է։