ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղյալ է հայտարարում Կերչի նեղուցում ստեղծած իրավիճակի պատճառով։
Նախագահների երկկողմ բանակցությունները պետք է տեղի ունենային Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովի շրջանակում (նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 1–ը)։
Համաշխարհային առաջնորդները վերջին անգամ կարողացել էին զրուցել նոյեմբերին Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100–ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ։
ԱՄՆ–ի նախագահն ավելի վաղ ասել էր Washington Post–ին, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կարող է չեղյալ հայտարարել Կերչի նեղուցում տեղի ունեցած պատմության պատճառով։
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները Սև ծովում ուկրաինական երեք ռազմանավ են բռնել։ ԱԴԾ տվյալների համաձայն` կոնֆլիկտի հետևանքով տուժել են երեք (Կիևի տվյալներով` 6) ուկրաինացի զինվորական։ Ուկրաինան, նոյեմբերի 26-ի միջադեպով պայմանավորված, ռազմական դրություն է մտցրել երկրում։