ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Արևիկում դպրոցի պատուհանից ընկած երեխաների գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին քրեական գործ չկա հարուցված; Ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի ձեռքբերման ընթացքում, ձեռքբերված փաստական տվյալներով, կգնահատենք քրեական գործ հարուցելու հիմքեր առկա են, թե ոչ»,-տեղեկացրեց դատախազը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում: Դասղեկը դասերի ավարտից հետո երկու աշակերտների՝ Մանե Նռանյանին ու Սյուզի Ավետիսյանին, պահել է դասարանում, որ ծաղիկները ջրեն: Սակայն այդ ժամանակ, ուսուցչուհին հեռախոսով տեղեկանում է, որ իր երեխան վատառողջ է և նրան հիվանդանոց են տեղափոխելու:
Տնօրինությունից թույլտվություն վերցնելով և աշակերտներին ասելով, որ գնան տուն, ինքը տուն է գնացել՝ դասասենյակի բանալին մոռանալով սեղանին: Երկու աշակերտուհիները մնացել են դասարանում:
Ինչպես տեղեկացնում են դպրոցից, երեխաներն էլ բանալիով ներսից փակել են դասասենյակի դուռը և մանկավարժներն ու պահակը, համոզված լինելով, որ դպրոցում աշակերտներ չկան, դպրոցի դուռը փակել և դուրս են եկել:
Ավելի ուշ, երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ, բայց դպրոցի դուռը փակ է եղել: Փոքրիկները վախեցել են: Երբ երկար ժամանակ տեսել են, որ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել:
Երեխաներին դպրոցի բակում ընկած տեսել է դպրոցի պահակը: Նրանցից մեկին ծնողները տեղափոխել են Գյումրու Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոց, որտեղ էլ, հետազոտությունից հետո, պարզ է դարձել, որ աղջիկն ուսահոդի կոտրվածք ունի և անմիջապես երեխան վիրահատվել է: Նա հիմա հետվիրահատական կայուն վիճակում է և գտնվում է հիվանդանոցում: