ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում ունեն մեկ նպատակ. ամրապնդել այն ուժերի հաղթանակը, որոնք իշխանության են եկել գարնանային իրադարձությունների արդյունքում։ Այդ նպատակին, անկասկած, կհասնեն, բայց հետո...
Իսկ հետո արդեն ստիպված կլինեն աշխատել, ու արդեն առանց «նախկիններին» հղում անելու փրկարարական հնարավորության, առանց ակնարկների դեպի «սարսափելի անցյալ», աշխատել մաքուր էջից ու առանց փորձի, այն պայմաններում, երբ գործողություններիդ արդյունքները միայն որոշ ժամանակ անց են երևում, փոխարենը ընդդիմադիրները միանգամից նկատում են սխալներն ու անգութ քննադատության ենթարկում։
Հենց այդ աշխատանքն է մեծ նշանակություն ունենալու բուն Հայաստանի համար ու ազդեցություն է ունենալու նաև տարածաշրջանի համար։ Դա միայն թվում է, որ գարնան իրադարձություններն ու ներկայիս ընտրությունները զուտ ներհայկական գործեր են, իրականում դրանց ազդեցությունն այս կամ այն չափով զգացվելու է առնվազն երկու երկրներում։
Թեկուզ միայն այն պատճառով, որ տարածաշրջանը փոքր է, ու այդ տարածաշրջանը կազմող երեք երկրներից մեկում տեղի ունեցող ցանկացած քիչ թե շատ նշանավոր իրադարձություն պարտադիր արձագանքում է երկու այլ պետություններում։
Այսօր Երևանում ավարտված «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման ժամանակ ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը մտորում էր այդ թվում նաև դրա մասին։
«Այսպես, Կրիլովը կարծում է, որ եթե նոր իշխանություններն ու նրանց առաջարկած մոդելը արդյունավետ լինեն, Հայաստանի համար կայուն զարգացում ապահովեն, ապա դա, անկասկած, կայունացնող գործոն կդառնա տարածաշրջանի մակարդակով։ «Հակառակ դեպքում պետք է ակնկալել, որ դեզինտեգրացիոն միտումները կաճեն ոչ միայն Հայաստանում, այլև Հարավային կովկասի տարածաշրջանում», – ասում է նա։
Հենց նույն Ադրբեջանը, Բաքուն, անկասկած, մեծ հույսեր է կապում, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը կտրուկ վատանալու է, ու հնարավոր է, ինչ–որ պահի քաոս սկսվի։ Թե ինչ գործողություններ կձեռնարկեր այդ դեպքում Հայաստանի արևելյան հարևանը, դժվար չէ գլխի ընկնել։
Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, ու հիմա և՛ Բաքվում, և՛ Թբիլիսիում (բնականաբար, լրիվ այլ պատճառներով), այլ տեղերում էլ սպասում են` ինչով է ամեն ինչ ավարտվելու։
Սակայն հենց այն պատճառով, որ ներհայկական գործերը, թեև փոթորկային բնույթ չեն կրում, բայց և՝ ամեն դեպքում օլիմպիական հանգստությունից հեռու են, դիտորդները ստիպված են անընդհատ փոխել իրենց եզրակացությունները։
Հիմա անհնար է վաղաժամկետ կանխատեսումներ անել, այդ պատճառով պետք է սպասել`ինչպես կգործի նոր իշխանությունը, որն արդեն անցել է հեղափոխական էյֆորիայի ու արտահերթ ընտրությունների փուլերի միջով։ Կարելի է համարել, որ այդ իշխանությունը երրորդ փուլ է մտել, որը շատերի համար ամենադժվարն է ու շատերի համար ուժերից վեր է. դա պետության գործնական կառավարման փուլն է։
Կամ նոր իշխանությունը համեմատաբար բարեհաջող կանցնի այդ փուլը (որը պարզապես չի կարող թեթև լինել), կամ կձախողի, ու այդ ժամանակ պետությունը հերթական անգամ տուրբուլենտության գոտի կմտնի։ Հիմա դեռ առաջինից ամբողջությամբ դուրս չենք եկել. ու դեռ երկրորդի մասին խոսք չկա, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ զարգացումների դեպքում այն անխուսափելի է։
Հայաստանի ներքաղաքական քամիների կայունությունն ու անկանխատեսելիությունը հարևաններին վարքականոնի մերթ մի գիծ է թելադրում, մերթ էլ մեկ` կռվի, պառակտման ու անհաշտ պայքարի։
Նախ` պետք է միջոցներ ձեռք առնել, որ այդ «կռվի» ալիքները չհասնեն քո ափերին: Հետո էլ՝ յուրաքանչյուրն այդ իրավիճակում կսկսի սեփական շահը փնտրել. իսկ այդ պարագայում ամեն մեկն իր գլխի տերն է։