ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը համացանցում հրապարակվել է Իսպանիայից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Տեսաձայնագրությունը տեղադրվել է Իսպանիայից, կոտրվել է օգտատիրոջ Youtube-ի էջը, իսկ ԱԱԾ–ն Իսպանիայի գործընկերների հետ աշխատում է»,– ասաց Վանեցյանը` հավելելով, որ իրավապահներին առայժմ չի հաջողվում գտնել սկզբնաղբյուրը։
Ըստ Վանեցյանի` տեսանյութը տարածվել է այլ երկրներից` գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով։
«Սեպտեմբերի 6-ից ձայնագրությունը եղել է համացանցում, բայց սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի, որովհետեւ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է գաղտնալսողներին, Վանեցյանը վերահաստատեց նախկինում իր արած հայտարարությունն այն մասին, որ նրանք Հայաստանից են եղել։
«Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»,- ասաց նա` հրաժարվելով բացել փակագծերը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։