Սարգսյանը ձեռնոց է նետել Փաշինյանին. նա բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին

Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահը բանավեճի օրվա ընտրությունը թողել է Փաշինյանի հայեցողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով»,– գրել է նա։

Սարգսյանն առաջարկել է բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքով (հանրային և մեկական իր և Փաշինյանի ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` իր և Փաշինյանի ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը իր, կեսն էլ Փաշինյանի ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գերծանրաբեռնվածությունը` Վիգեն Սարգսյանը բանավեճի օրվա ընտրությունը թողել է վարչապետի պաշտոնակատարի հայեցողությանը: