Ընտրել, ներել և բաց թողնել. ի՞նչ է ընտրողներին խոստանում «Քաղաքացու որոշումը»

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների համար ավելի հարմար է իրենց գաղափարներն առաջ տանել փողոցներում, բայց նրանք ցանկանում են աշխատանքի փորձ ունենալ խորհրդարանում։ Եթե նույնիսկ կուսակցությունը չհաղթահարի 5–տոկոսանոց շեմը, ամեն դեպքում կպայքարի իր գաղափարներն առաջ մղելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. «Քաղաքացու որոշում» կուսակցությունն առաջնահերթ հարց է համարում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը և ուզում է ԱԺ առաջիկա ընտրություններում 5–տոկոսանոց շեմը հաղթահարելու դեպքում նախաձեռնել այդ գործընթացը։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը։

ԲՀԿ–ի 35 քայլերը կամ ինչու է Գագիկ Ծառուկյանն ուզում նոր հեղափոխություն անել

«Մենք ներկա սահմանադրությունը դիտարկում ենք որպես ճանապարհային քարտեզ և մտադիր ենք սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել` կեղծիքներով ընդունված փաստաթղթից ազատվելու համար», – ասաց նա։

Քաղաքական գործչի խոսքով` անհրաժեշտ է շտկումներ անել մի շարք օրենքներում, որոնք պետք է երաշխավորեն կուսակցությունների և այլ հասարակական միավորումների գործողությունների թափանցիկությունը և ժողովրդավարությունը։ Գերակա հարցերի շարքում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է և անցումային արդարադատության կիրառումը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներմուծումը։

«Մենք մտադիր ենք նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ, որոնք կենթադրեն նախկին և ներկա պաշտոնյաների յուրացրած միջոցների վերադարձ, նրանց համաներում, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնելու արգելք», – ասաց թեկնածուն։

Կուսակցությունը խոստանում է բարեփոխել գրեթե բոլոր հնարավոր ոլորտները` մշակույթ, կրթություն, առողջապահություն և այլն։ Կուսակցության համար կարևորագույն ոլորտներից մեկը սոցիալականն է։ Պատգամավորների թեկնածուները մտադիր են երկրի բոլոր քաղաքացիների սոցիալական հավասարության հասնել։

«Սասնա ծռերի» դեբյուտը. Արցախի միացում, օտարերկրյա գործակալների բացահայտում և Ռուսաստան

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհատական գործունեություն սկսելու հնարավորություն ունենա, կարողանա կրթություն ստանալ, իրագործել իր գաղափարները։ Հենց դա է մեզ համար առաջնահերթ հարցը։ Մենք առաջարկում ենք նոր որոշումներ և ցանկանում ենք քաղաքացիներին վերադարձնել երջանկության հայեցակարգը», – ասաց Սահակյանը։

«Քաղաքացու որոշումը» խոստանում է նաև արդիականացնել սպառազինությունները, արտաքին քաղաքականությունը կառուցել երկու վեկտորով` պետական շահեր և միջազգային իրավունք։

Հիշեցնենք` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 11 քաղաքական ուժեր են մասնակցում, տեղի կունենա դեկտեմբերի 9–ին։