ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը վարչապետի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվել է այդ հանդիպման մասին: Եղոյանն ասել է. «Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում, որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»:
Հիշեցնենք` «Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի հետ գեներալի խափանման միջոցից խոսել։
Ըստ թերթի` Սեյրան Սարոյանը, որ վարչապետի հետ հանդիպմանը մի քանի հարակից խնդիր էլ ուներ լուծելու՝ նաև իր և այլ զինակից ընկերների ապագայի մասով, մեկ շաբաթ առաջ վերադարձել է Մոսկվա: Իսկ Ֆրանսիայից օրերս կրկին Հայաստան է ժամանել Գրիգորյանի օնկոլոգ բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը, որն օդանավակայանից՝ պայուսակով, ուղիղ մեկնել է «Երևան» քրեակատարողական հիմնարկ:
«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատել է կրիտիկական, էպիկրիզի վերջում պահանջել է գրել՝ ազատություն Արցախի հերոսին»,- ասաց գեներալ Մանվելի հայաստանյան բժիշկ Արտակ Մանուկյանը: ԱԱԾ «մատյանում» գրեցի՞ք դա, ու Դուք էլ ստորագրեցի՞ք դրա տակ: «Այո, ես էլ ստորագրեցի, բժիշկ Նորբերտը թելադրում էր, ես գրում էի, ինքը հայերեն չգիտի: Ի դեպ, նա վերջին արտահայտությունը կրկնեց մի քանի անգամ»: Բա ԱԱԾ-ն ի՞նչ ասաց: «Որևէ բան չասաց. մենք կոնսուլտացիայի էինք»»,-գրում է թերթը:
Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու համար: