Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել

Ավստրիայում և Անգլիայում նոր դեսպաններ ունենք։ ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արման Կիրակոսյանին հետ է կանչել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նրան Ավստրիայում կփոխարինի Արմեն Պապիկյանը։

Վարչապետի առաջարկով նախագահը նոր դեսպան նշանակեց

Նախագահի այսօր ստորագրած մյուս հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արման Կիրակոսյանին հետ կանչել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից»,–ասված է նախագհի հրամանագրում:

Արմեն Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել Արման Կիրակոսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ (նստավայրը՝ Լոնդոն):

Հիշեցնենք, որ 2013-2018 թվականները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է եղել Արմեն Սարգսյանը։