Կարմրաշենի նախկին համայնքապետն ավելի քան 14 միլիոն դրամ է յուրացրել

Համայնքի նախկին ղեկավարը 2 տարի շարունակ համայնքի բյուջեից գումար է դուրս գրել տարբեր նպատակներով, որոնցից ոչ մեկը չի իրականացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում իրականացնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 8. 843.000 ՀՀ դրամ, սակայն դրամական օգնություններ չեն տրամադրվել, համայնքի վարչական շենքը դիզվառելիքով չի ջեռուցվել և վերանորոգում չի իրականացվել:

Բացի վերը նկարագրվածից, Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքի հաստիքացուցակով երկու անձի ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս չեն հաճախել աշխատանքի, սակայն համայնքի բյուջեից նրանց անուններով ելքագրվել է աշխատավարձ՝ ընդհանուր 5. 556.000 ՀՀ դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն: