Գագիկ Ծառուկյանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Քաղաքական գործիչ և գործարար Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն տնտեսական և ռազմական առումով են կապված, այլև գտնվում են միևնույն մշակութային և պատմական տիրույթում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական ինտեգրումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները սկզբունքային են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ազգային ժողովի ընտրության ժամանակ անակնկալները չեն բացառվում. ի՞նչն է մտահոգում Արեշևին

«Եվրասիական ինտեգրումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ կային, կան և կմնան հարաբերությունների մեր տեսլականի առաջնահերթություններից մեկը։ Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ մեր սկզբունքային դիրքորոշումը», – ասել է Ծառուկյանը։

Նրա խոսքով` միայն վերջին ամիսների ընթացքում կուսակցությունը մի քանի միջոցառումների է մասնակցել ռուս գործընկերների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

«Օրեր առաջ մենք վերադարձանք Մոսկվայից։ Ռուսաստան էինք մեկնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով և այնտեղ հայ–ռուսական հարաբերությունների խորացման հարցով բավականին արդյունավետ բանակցություններ ունեցանք ռուս գործընկերների հետ։ Ռուսաստանի հետ մենք կապված ենք ոչ միայն տնտեսական և ռազմական առումով, այլև գտնվում ենք միևնույն մշակութային և պատմական տիրույթում», – ասել է Ծառուկյանը։

Հայ–ռուսական հարաբերությունները կախված չեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակից. Տողանյան

Նա ավելացրել է, որ հայ–ռուսական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, և անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի դրանք ամենաբարձր մակարդակում մնան։ «Մենք պարզապես աշխարհաքաղաքական դաշնակիցներ չենք, այլ եղբայրական ժողովուրդներ։ Սրանից ելնելով էլ մենք կառուցում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները», – ասել է Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 2004 թվականին, մասնակցում է Ազգային ժողովի` դեկտեմբերի 9-ին կականալիք արտահերթ ընտրությանը։