ՌԱԴԻՈ

Բոզոյան. «ՀՀԿ–ն փորձելու է վեց ամիսների խնդիրները բարդել Փաշինյանի վրա»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ազգային ժողովի քարոզարշավին մասնակցող քաղաքական հիմնական ուժերի մարտավարության մասին։
Sputnik
Բոզոյան. «ՀՀԿ–ն փորձելու է վեց ամիսների խնդիրները բարդել Փաշինյանի վրա»

Բոզոյանը նշում է, որ այս ընտրարշավում փողի գործոնը քիչ է լինելու, մեծ է լինելու խոսքի գործոնը։

Քաղաքագետը վստահ է, որ քարոզարշավի ընթացքում գաղափարական մոտեցումեր չեն լինի, որովհետև ընտրարշավը շատ կարճ է։

ԱԺ ընտրություն. ի՞նչ դեր ունեն դիտորդը, ԶԼՄ-ն և վստահված անձը

«Բացի այդ, այս փուլում գաղափարական լուրջ վեճերի մասին խոսելն անիմաստ է։ Պարզապես ամեն քաղաքական ուժ իր մարտավարությունն է ընտրել, թե ինչ պետք է ասի, որպեսզի կարողանա մաքսիմալ իր շուրջը կոնսոլիդացնել ընտրազանգվածին։ «Իմ քայլը» դաշինքը, ի տարբերություն Երևանի ավագանու ընտրության, երբ քաղաքական ուժերին բաժանեց «սև ու սպիտակի», իրեն «սպիտակ» հայտարարելով` մնացածին «սև» հայտարարեց, այս փուլում փորձելու է միայն «սև» հայտարարել ՀՀԿ–ին։ Այսինքն` մասնակի է անում այդ բաժանումը, քանզի շատ լավ հասկանում է, որ եթե մյուսներին էլ անվանի «սև», ապա ըստ էության, բացասական վերաբերմունքի կարժանանա բոլորի կողմից»,– ասում է նա։

Ըստ Բոզոյանի` հասկանալով այդ հանգամանքը` «Իմ քայլը» նախընտրական արշավը սկսել է ՀՀԿ–ին հակադրվելով, փորձելով այս վեց–յոթ ամիսների ընթացքում գրանցված պրոբլեմներն արդարացնել նախկին իշխանության սխալներով։

«Նույնը կարելի է ասել ՀՀԿ–ի մասին։ ՀՀԿ–ն փորձելու է այս վեց ամիսների պրոբլեմները բարդել Փաշինյանի վրա, համեմատականներ տանել իրենց իշխանության ժամանակահատվածի և այսօրվա իրավիճակի միջև` այդ համեմատականի մեջ ցույց տալով, որ այսօր ավելի վատ վիճակ է, քան նախկինում»,– ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով` ՀՀԿ–ն փորձելու է ցույց տալ Փաշինյանի խոսքի և գործի տարբերությունը, որովհետև նախկինում նա այլ խոստումներ էր տվել, իսկ այսօր 180 աստիճանով այլ տեսակետներ է հայտնում։