ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում մարդուն ազատ արձակելուց առաջ նրա հետ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` դա որակելով որպես մարդու իրավունքների ոլորտի լրջագույն խնդիր, որին տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել։
«Մենք մարդու հետ ազատազրկման վայրում չենք տարել ազատ արձակմանը նրան նախապատրաստելու բավարար աշխատանք ու վերջում ասել ենք` նա պատրաստ չէ ազատ արձակման։ Չի կարող պետության պարտականությունները թերի կատարելու հետևանքով մարդը զրկվել ազատ արձակվելու իրավունքից»,– ասաց Թաթոյանը։
ՄԻՊ–ն առայժմ վիճակագրություն չունի այն մասին, թե ինչ խնդիրների են բախվել համաներմամբ ազատ արձակված անձինք, բայց նախկին փորձը վկայում է, որ ազատություն ստացած մարդը բախվում է սոցիալական ու հոգեբանական խնդիրների, այն է` աշխատանք չունենալը, ընտանիքի հետ կապի կորուստը և այլն։
Թաթոյանի մատնանշած մյուս խնդիրը վերաբերում է հոգեբուժարաններում կամավոր ու հարկադիր բուժմանը։ Հոգեբուժարաններում վերահսկողությունն ուժեղացնելու հարցում ՄԻՊ գրասենյակը համագործակցում է առողջապահության նախարարության հետ։
Ի դեպ, հոգեբուժարաններում անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների փաստերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների արձանագրած փաստերով արդեն իսկ հարուցվել են 3 քրեական գործ, պաշտոնատար անձանց ներկայացվել են մեղադրանքներ։
Թաթոյանն այս մասին հայտնեց այսօր Խոշտանգումների կանխարգելման ոլորտում ՄԻՊ 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովի իր ելույթում։
Համաժողովին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ 2015-2018թթ. ընթացքում խոշտանգումների հանցակազմով քրեական գործ է հարուցվել 6 անձի նկատմամբ։ 2018թ.նոյեմբերի 26-ի դրությամբ 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, գործի դատական քննությունը շարունակվում է, մինչդատական վարույթում քննվող 2 քրեական գործով 4 անձ (1 գործով 1 անձ, 1 գործով 3 անձ) ներգրավված են որպես մեղադրյալ: