Հայերը կկարողանան ստուգել Արտաշեսյանների և Արշակունիների հետ ազգակցական կապը

Հայ հնագետները կփորձեն գտնել արքայական երկու տոհմերի հեռավոր ժառանգներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի բնակիչները կկարողանան ստուգել Արտաշեսյան և Արշակունի տոհմերի հետ ազգակցությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում, որտեղ թաղվել են Արտաշեսյան և Արշակունի թագավորների աճյունները, աշխատելը հիրավի ճակատագրական է դարձել նրա համար։

«Աղձքում պեղումներ սկսեցի, երբ դեռ նոր էի ուսումնասիրում ոլորտը։ Ավարտեցի համալսարանը, առաջին պեղումներն իրականացվեցին Էրեբունիում, որից հետո 1973 թվականին ինձ գործուղեցին Աղձք։ Ավելի ուշ ես անդադար այնտեղ էի վերադառնում 2000 թվականին և 2015 թվականից մասնակցում եմ լայնածավալ և զարմանալի պեղումներին», – ասաց Սիմոնյանը։

Թագավորների աճյունները, նրա խոսքով, եղել են տուֆից կառուցած սնդուկներում։ Նրանք շատ նման են, օրինակ, Քրիստոսի եղբոր` Հակոբի դամբարանին։

«Տուֆը բավականին ագրեսիվ քար է։ Եվ առանց այդ էլ վնասված (4-րդ դարում) ոսկորները, երկար ժամանակ տուֆի մեջ մնալով, ավելի շատ են վնասվել։ Հիմա ԴՆԹ–ն ստանալու համար մեզ գերզգայուն սարքեր են պետք», – նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով` ամենակարևորը համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիա գտնելն է։ Հիանալի լաբորատորիա կա Բոստոնում, թեև հետազոտությունները բավականին թանկ են։

Բարեբախտաբար, Սիմոնյանի խոսքով, մոսկվաբնակ հայազգի գործարարներից մեկը խոստացել է օգնել այս ծրագրի իրականացման հարցում։

Շուտով ոլորտի առաջատար պրոֆեսորներից մեկին նամակ կգրեն` խնդրելով նշել հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

«Կարող ենք պարզել, թե ում երակներում է այսօր Արշակունիների և Արտաշեսյանների արյուն հոսում։ Պատկերացնում եք, թե ինչ հեռանկար է։ Որոշ մարդիկ կկարողանան իմանալ, որ իրենք սերում են թագավորական տոհմից», – հիացմունքով ասաց Սիմոնյանը։

Գտածոները հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանին և Թուրքմենստանի համար։ Չէ՞ որ Արտաշեսյանները սերում են Աշխաբադի մերձակայքում գտնվող Նիսա (Պարթևական թագավորության հին մայրաքաղաք) քաղաքից։ Արտաշեսյանները ոչ միայն Հայաստանում և Պարսկաստանում են կառավարել, այլև ամբողջ հնագույն Արևելքի զգալի մասում։

«Այսինքն սա ոչ միայն զուտ հայկական, այլև միջազգային նշանակություն ունի։ Միայն մենք նման հսկայական արժեք ունենք», – նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Աղձք գյուղում իրականացրած պեղումների ժամանակ կամարաձև պատերով արքայական պալատներ են հայտնաբերվել։ Այնտեղ գտել են նաև Արտաշեսյան և Արշակունի թագավորական տոհմերի գերեզմանատունը, որը թվագրվում է IV դարով։

Թագավորական պալատների պեղումների ժամանակ յուրաքանչյուր շերտի տակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, հախճապակի և միայն քաղաքային մշակույթին բնորոշ շինություններ։