Արմեն Աշոտյանին կանչել են քննչական վարչություն. լուսանկար

ՀՀԿ փոխնախագահը խոստանում է մանրամասն պատմել, թե ինչու են իրեն հրավիրել Երևանի քննչական վարչություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հրավիրել են Երևանի քննչական վարչություն։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան»,– գրել է նա։

Աշոտյանը խոստացել է նաև անդրադառնալ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։

«Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»,– գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք` այս տարվա ամռանը ԶԼՄ–ները գրել էին, որ իրավապահները հարցաքննության են հրավիրել Կրթության և գիտության նախկին նախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին. հարցը վերաբերել է ԿԳՆ նախարար աշխատած շրջանին։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի ուշ հերքել էր հարցաքննության կանչելու լուրը։